Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հատվող զուգահեռներ

Հատվող զուգահեռներ
06.12.2012 | 13:27

Դեռևս 8-րդ դասարանից գիտենք, որ զուգահեռները չեն հատվում, և կա մի ամրագրված սահմանում։ Բայց լսելով քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների կարծիքը Հանրային ռադիոյի և հեռուստատեսության մասին, համոզվում ես, որ հին հույները, այդ թվում` մաթեմատիկոս Էվկլիդեսը, ղալաթ են արել։ ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ Շուշան Պետրոսյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Հակոբյանը և ուրիշներ, խնդրո առարկայի շուրջ իրենց մտածումները ժողովեցին հեռվից ու հեռուն գնացին։ Գնացի՜ն, գնացի՜ն, չեմ հիշում 7-8, թե 10 րոպե, և մեկ էլ... ոչ մեկի մտքով չանցավ, թե էս ի՞նչ են անում, էս ինչպե՞ս եղավ, որ կարծիքափոխանակության ընթացքում, որպես հակառակ բևեռների պատգամավորներ, իրենց մտքի գոհարները ռադիոհեռուստատեսության դերի ու նշանակության մասին, բերեցին դրեցին մի կետում։ Փաստորեն, մեր իրարամերժ օրերում հին հույների ասածը դոգմա չէ. տեսակետները` անկախ հեղինակների կամքից, կարող են սահմանված ժամկետում զուգահեռվել տարածության մեջ, իսկ վերջնական արդյունքում` հատվել մեկ կետում, դժգոհության կանգառում։ Այս դեպքում, ոլորտի թիվ 1 պատասխանատուները պարտադրված էին անցնել խոր պաշտպանության, ինչը, այնքան էլ համոզիչ չէ։ Կարծիք-գնահատություններն ավելի զորեղ և իրատեսական էին, քան հարգարժան Գրիգոր Ամալյանի կամ Ալեքսան Հարությունյանի պատճառաբանությունները։ Նրանց ինքնապաշտպանական բնազդն այնքան էր «շողուլից ընկել», որ լսեցին, բայց չհասկանալու տվեցին նույնիսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հատընտիր մեղադրանքները. ինչքա՞ն կարելի է ավազակային հարձակումներ և անբարոյականություն քարոզող ֆիլմերով ու անորակ հաղորդումներով լցնել եթերը, մարդու մեջ բթացնել մարդկայինը, խաթարել մարդու ներաշխարհը, ի վերջո, ինչո՞ւ եք այսքան շատ բացասական ազդակներ ուղարկում հեռուստադիտողին, որ ի՞նչ։

«ԲԱԺԱԿԱՃԱՌԵՐՈՎ ԵԹԵՐԻՑ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆՔ ՀԵՐՈՍՆԵՐ»
Սա «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքն է։ Ճիշտ է, նա չպատրաստվեց իր տեսակետը բոլորի վզին փաթաթելու, բայց հարկ համարեց բացատրել, թե ինչպես է դա տեղի ունենում. «Ցանկացած փողատեր, ցանկացած պահի կարող է լավ ծրագիր գրող մեկին գտնել ու պատվեր իջեցնել, հետո դառնալ մրցույթի հաղթող։ Այնուհետև, կառավարելիության դաշտում ձեռք բերելով թելադրողի կարգավիճակ, փողատերն ասում է` նկարս կդնես օրը 24 ժամ, ներբողներ կձոնես, քաղաքական բառապաշարի, բառամթերքի ամենավերջին ճիչով գեղեցիկ, ինտելեկտուալ մտքեր կասես իմ մասին ու ինձ կդարձնես ազգի պապա։ Մենք էսօր դրան ենք հասել»։ Դառնալով Ամալյանին, Ռ.Հակոբյանը շատ հեշտ ու թեթև նրան բռնեցրեց այն մտքի վրա, թե իբր մեզանում, խոսքի ու մամուլի ազատության պայմաններում կուսակցականացված հեռուստաալիքներ գոյություն չունեն, ու հարց «շպրտեց». «Իհարկե՞, կասեք։ Իսկ մենք հո գիտե՞նք, թե ով ինչեր ունի։ Հանրապետության կեսը իրենով արած այդ մարդը, համաձայն ներկայացրած հայտարարագրի, ոչինչ չունի, բացի 1985 թ. արտադրության «Ժիգուլի» ավտոմեքենայից։ Էն էլ չի օգտագործում, որովհետև փող չունի, որ յուղի պոմպը փոխի։ Հասկանում եք, չէ՞, թե ինչի մասին է խոսքը»։ Վստահ, որ Գրիգոր Ամալյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարից կպահանջի «խուրդել» ասածը, այդպես չվարվեց, իսկ երբ փորձեցի իր միջոցով պարզաբանել Ռուբեն Հակոբյանի միտքը, ինձնից շատ տարակուսեց հանրապետության կեսն իրենով արած մարդու հայտնաբերման համար։
Անդրադառնալով եթերային քաղաքականության բովանդակային կողմին, ընդդիմադիր օրենսդիրը համոզիչ տոնով ասաց, որ մենք չենք կարողանում հեռուստաեթերային քաղաքականություն ստեղծել, որպեսզի մարդիկ ինքնաիրացվելու հնարավորություն ունենան։ Մենք ոչ միայն դա չենք կարողանում, այլև չենք ցանկանում, որովհետև ռադիոյի և հեռուստատեսության դերակատարությունն այսօր պայմանավորված է իշխանությունների որդեգրած քաղաքականությամբ։ Եվ որպես օրինակ, նկատեց. «Ա1+»-ը հենց այդ քաղաքականության զոհն է։ Դա քաղաքական որոշում էր։ Միանշանակ։ Որովհետև «Ա1+»-ն այն հեռուստաընկերությունն էր, այն եզակի պատուհանը, որտեղից ասվում էր. «Ժողովուրդ, մենք նորմալ պետություն չենք կառուցում։ Մենք չկարողացանք պահել, պայքարել «Ա1+»-ի համար, և դրանում մեղավոր ենք բոլորս»։
Փոքրիկ ինքնաքննադատությունից անցնելով մեծ քննադատության, ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորը պահեց իր դիմագիծը. «Ռադիոհեռուստատեսության գործունեությունը հեռու է բավարար լինելուց։ Հարկավոր է գիտակցել, որ հեռուստաեթերից ծնվում են հերոսներ, իրական կերպարներ, քաղաքական գործիչներ, գործարարները և նորմալ մարդիկ նույնպես ծնվում, օրինակելի են դառնում էկրանից։ Այսինքն` գերխնդիրը դաստիարակչական ֆունկցիան է, որը միշտ եղել է հասարակական-տնտեսական բոլոր ֆորմացիաների ժամանակ, բայց, ցավոք, մեզանում դա չկա։ Չկա, որովհետև այստեղ ևս եղանակ ստեղծողը բիզնեսն է, որը խժռել ու շարունակում է հոշոտել դաստիարակչական ոլորտը։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, նախ` բաժակաճառերով ստեղծված հերոսներ»։

«ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՉՈՒՆԻ ԴԻՄԱԳԻԾ»
ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի կարծիքով, հեռուստաընկերությունները մոռացել են, որ մենք ունենք փայլուն մշակույթ, ահռելի գրականության շտեմարան, երաժշտություն, փիլիսոփայություն։ Բայց չեն մոռացել, որ առանձին մարդկանց պատվերով և ազդեցիկ հովանավորչությամբ պարտավոր են հեռարձակելու որակյալ հաղորդումներ։ «Ես սա՛ չեմ հասկանում. եթե մենք ունենք համապատասխան տեխնիկա և կրթյալ մասնագետներ, ինչո՞ւ չենք, օրինակ, հավուր պատշաճի ներկայացնում «Հայ ասպետ» հաղորդաշարը»,- ինքնահարցադրումը ինքնանպատակ չհնչեցրած Շ. Պետրոսյանը, թվարկելով մի քանի դրական փոփոխություններ` հեռուստաթատրոնի վերականգնում, «Երգ երգոցի» «ներմուծում» և այլն, ազնվորեն եզրակացրեց, որ հանրային հեռուստատեսությունը, այնուամենայնիվ, կորցրել է իր երբեմնի դիմագիծը, իսկ ինքը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե հեռուստաընկերություններն ի՞նչ չափորոշիչներով են ընտրում բայաթի կամ մուղամ երգող երգիչներին։
Հայալեզու երգել չի նշանակում հայկական երգ մատուցել։ Չհամաձայնել չես կարող։ Չես կարող չհավատալ նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի Շ. Պետրոսյանին, որը երգարվեստի ճռճռացող դռները բացուխուփ անելով, չի թաքցնում. «Խոհանոցային խնդիրների հետ, իհարկե, առնչվել եմ բազմիցս, քաջածանոթ եմ, բայց առաջարկվող տարբերակներին ընդառաջ չեմ գնացել, չենք եկել կոմպրոմիսի, քանի որ դրանք իմը չեն եղել։ Եվ ի՞նչ է ստացվել։ Ես և իմ սերնդի շատ երգիչներ, որոնք երգում են միայն կենդանի ձայնով, եթերներում չենք երևում։ Լավագույն դեպքում կանք գիշերային ժամերին, երբ եթերը լցնելու անհրաժեշտություն է առաջանում»։
Խոսելով ևս մի ցավոտ հարցի մասին, որը դուրս էր օրվա ծիրից, նա հռետորական հարցադրում արեց. «Կոչումավոր շատ արտիստներ ունենք, բայց ես չեմ հասկանում, թե ինչի՞ համար։ Վաստակավոր բառն ասես արժեզրկվել է, կորցրել իր իմաստը»։ Այդուհանդերձ, հիշելով հեռուստատեսության դերի և նշանակության մասին, հանրապետական պատգամավորն իր «վերջին» խոսքը հստակ ձևակերպեց. «Հեռուստատեսությունը շատ մեծ ֆունկցիա ունի, բայց ես ցավում եմ, որ չունի դիմագիծ»։

«ԻՐԱՎՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ, ՈՐ ՆԱ ԲՌՆԱԲԱՐԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ»
-Սկզբում գովեստի մի քանի խոսքեր ասեմ, որպեսզի արդար լինեմ,- ռադիոհեռուստատեսության մասին իր դիրքորոշումը ճշտելուց առաջ այսպես սկսեց նորեկ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ու շարունակեց շարադրել,- վերջին տարիների համար հեռուստաեթերը, մանավանդ հանրայինը, բավականին աճ է գրանցել, թեև անձամբ ինձ քիչ է բավարարում, և ես ստիպված եմ լինում օգտվել այլ ալիքների լրատվական բլոկից։
Ի տարբերություն այլոց, ՀՀԿ-ական օրենսդիրը քննադատական սլաքը տեղափոխելով ոլորտից ոլորտ, տևական ժամանակ «թափահարեց» գովազդի թեման. «Օրենքով սահմանված 14 րոպեն հասկանալի է, բայց այն հայտարարությունները, որ հնչում են դրանից դուրս, ոտնահարում են մեր իրավունքները։ Գովազդը, առհասարակ, շատ ցավոտ թեմա է մեզ համար, և այն բոլորիս տունն է քանդում»։
Չմոռանալով և այն հաղորդավարներին, որոնք հայերենի «իմացությամբ» երբեմն գերազանցում են Մաշտոցին։ Այսինքն, արտահայտում են բառեր, որոնք ըստ իրենց հայերեն են, բայց արտահայտչաձևը ստացվում է անգլիական կամ անորոշ տոնայնության, որի համար, եթե հնար լիներ, մի քանիսին եթերից դուրս հաստատ կծեծեր. «Չեմ կարծում, որ եթե հաղորդավարը գեղեցիկ աղջիկ է կամ տղա` սիրուն հագնված, անպայման պետք է հենց նրան վերապահվի էկրանից խոսք ասելու հնարավորությունը։ Արտաքին տվյալներն իրավունք չեն տալիս, որ նա, կներեք արտահայտությանս, բռնաբարի հայոց լեզուն»։ Վրդովմունքը հազիվ զսպող Եսայանը, սակայն, տեղյակ չէ, թե կա՞ արդյոք մի կառույց, որ հետևի, վերահսկի հեռուստատեսային լեզուն։
Մտահոգությունը տեղին է ինչպես այս, այնպես էլ մարզային հեռուստաընկերությունների առումով։ Ըստ նրա, կան դեպքեր, որ դրանք տեղակայված են տնօրենների ննջարաններում, միջանցքներում, անհասկանալի վայրերում, և «ես ուզում եմ հասկանալ, թե այս հարցը, առհասարակ, ինչպե՞ս է կարգավորվում։ Լիցենզիա տալուց առաջ մի՞թե չեն նայում. կա՞ արդյոք համապատասխան տարածք, թե՞ ոչ։ Որտե՞ղ է դրված տեխնիկան, հավե՞րը, խոզե՞րը որտեղ են»։ Շատ բաներ կան, որ էլի՛ Մարգարիտ Եսայանին դուր չեն գալիս։ Դրանցից մեկը եթերային «նորաձևությունն» է, երբ առանց մասնագիտությանը նայելու, գտնում-բերում են գեղեցիկ աղջիկներ և կարգում հաղորդավար։ Հյուր են հրավիրում, ու նրանք սկսում են զրուցել դեսից-դենից։ «Էս ֆորմատը կա բոլոր հեռուստաալիքներում. միապաղաղ են ու միօրինակ, ոչինչ չտվող, ոչինչ չասող։ Չի կարելի հենց այնպես ժամեր վատնել»,- կարծում է ՀՀԿ-ական օրենսդիրը։
-Լրատվությունը հզոր զենք է։ Ով տիրապետում է լրատվությանը, նա տիրում է ամբողջ աշխարհին,- սա, արդեն, Մարգարիտ Եսայանը չի ասում, սա հայտնի ճշմարտություն է, որից նա հանգել է ուշագրավ եզրակացության. «ՈՒրեմն անհրաժեշտ է այնպես անել, որ այդ հզոր զենքը չօգտագործվի ի չարս, ոչ թե դեգրադացնել, այլ այդ գործիքի խելացի գործածումով առողջացնել միջավայրը, հասարակությանը»։

«ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՄԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆ»
Հատվող զուգահեռների մեջ Նիկոլ Փաշինյանը չէր կարող չհայտնվել։ Եվ նա դիմեց այդ քայլին։ Սակայն ընտրելով այլ ճանապարհ, այլ հարցադրումներ, որոնք, երբեմն, ոլորտի պատասխանատուների փոխարեն, ինքը փորձեց մեկնաբանել։ Օրինակ, «Ինչո՞ւ են մեր հեռուստաեթերներն այսքան վատը, սերիալներն այսքան շատ ու անհետաքրքիր։ Որովհետև հեռուստաընկերությունները եթերը լցնելու խնդիր ունեն։ Իսկ որպեսզի եթերը լցվի, պետք է հնարավորինս ձգձգված, անբովանդակ տեքստեր լինեն։ Ինչը մենք ունենք իրականում։ Ինչո՞ւ են մեր հաղորդավարներն այսքան վատը։ Որովհետև էդքան շատ որակյալ հաղորդավարներ հնարավոր չէ գտնել։ Եթե 20 հեռուստաալիքի փոխարեն ունենանք 4-5-ը, էս դեպքում էդ հարցը կլուծվի»։
Իսկ ինչպե՞ս ապահովել որակ։ Ինչո՞ւ ենք այսքան շատ կարևորում հեռուստատեսության դերակատարությունը մեր կյանքում։ ՀԱԿ պատգամավորն ունի նաև սրանց բացատրությունը։ Նրա կարծիքով, բարձր որակի հաղորդումը նախ և առաջ պահանջում է «բարձր որակի» ծախսեր։ Գումարը, փաստորեն, կա, բայց... դա կարելի է ստանալ նաև հեռուստաընկերությունների թվի նվազեցումով։ Եվ ամենակարևորը. հեռուստատեսության դերն ու նշանակությունը պետք է ոչ միայն մեծ լինեն, այլև նպատակային, քանի որ խոսքը զանգվածային գիտակցության մասին է։ «Մենք, որպես պետություն, չունենք մի շատ կոնկրետ հարցի պատասխան։ Ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում ունենալ։ Ո՞րն է այսօրվա քաղաքացու մեր իդեալը։ Մենք ի՞նչ պատվեր ենք իջեցնում մեր հեռուստատեսություններին, որ հեռուստադիտողն այդ օրվա եթերը դիտելով` ի՞նչ հարցերի շուրջ մտածումներով պառկի քնելու։ Դիվահարվի՞, թե՞...». նման մեկնաբանություն անելուց հետո, Նիկոլ Փաշինյանը քաղաքական իշխող ու նրա համախոհ թիմերի այգին քար նետեց. «Մենք խոսում ենք հաղորդավարների ընտրության մասին, իսկ ո՞վ կարող է ասել, թե ինչ չափորոշիչներով են համամասնականով ընտրվում ԱԺ-ի պատգամավորության թեկնածուները»։


«ԻՆՔՆԵՐՍ ՄԵՐ ԱՊԱԳԱՅԻ ԱՌՋԵՎ ԱԿԱՆՆԵՐ ԵՆՔ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մի փոքր նեղվելուց հետո հունի մեջ ընկավ և իր հավատով լիովին ցրեց այն թյուր կարծիքը, որ ձևավորվել էր մինչ այդ. «Ես կարծում եմ` որևէ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում եթերի լրատվական քաղաքականության բովանդակությունը շահեկանորեն տարբերվում է, և հետևում է թողել բոլոր այն խնդիրները, գուցե դրանց մեծ մասը, որոնք ի սկզբանե չպետք է լինեին։ Որպես ՀՀ քաղաքացի, ես նույնպես սխալ եմ համարում «Ա1+»-ի եթերազրկումը։ Բայց չեմ կարծում, որ մեզանում կա սև ցուցակ, որով առաջնորդվում ենք։ Չկա նման բան։ Չկա որևէ հասարակական, քաղաքական գործիչ, որ իր տեսակետը չի կարողացել հայտնել այս կամ այն հեռուստաալիքով»։
Դիտարկելով գործընկերների ծեծած թեման, հանրապետական օրենսդիրը եզրակացրեց, որ սերիալները մեծ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն լեզվի աղավաղմանը, քարոզվող կերպարներին, այլև շատ ավելի խոր խնդիրներ կան, որոնցից մեկը վաղվա քաղաքացի դաստիարակելն է։ Ոչ մեկի համար նորություն չէ, որ դաստիարակության հարցում գոյություն ունեն չորս ադեկվատ ինստիտուտներ` ընտանիք, միջավայր, կրթօջախ և հեռուստատեսություն։ Եվ այս պարագայում, երբ առկա են հազար ու մի առաջնահերթություններ, չունենալ համաձայնեցված կոնցեպցիա մարդ-քաղաքացու կերպարի շուրջ, նշանակում է` ինքներս մեր ապագայի առջև ականներ ենք տեղադրում։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ.- Հեռուստատեսության խնդիրների շուրջ որքան էլ կարծիքները զուգահեռվեն, միևնույն է, բովանդակային առումով դրանք հատվում են մի կետում, ընդ որում, ոչ միայն ԱԺ-ում, այլև դրանից դուրս, ոչ միայն օրենսդիրների, այլև ոլորտի աշխատողների շրջանում։ Հեռուստահաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը վստահ է, որ 5-6 տարի առաջ հեռուստատեսությունն ավելի որակյալ էր, քան հիմա։ Իսկ «Երևան» ստուդիայի տնօրեն, Հանրայինի «Երգ երգոց» հաղորդաշարի վարող Խորեն Լևոնյանը չի թաքցնում. «Իմ հայացքները 90 %-ով չեն համապատասխանում հեռուստատեսության հետ, բայց...»։
Մերը` նույնպես։
Բայց մեր «բայց»-երը տարբեր են։

Դիտվել է՝ 3048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ